«Երևանի հենաշարժական համակարգի խախտումներ ունեցող երեխաների հ․ 17 հատուկ դպրոց» ՊՈԱԿ-ը ապահովում է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթությունը, զարգացումը և համակողմանի աջակցությունը։
Մեր առաքելությունը
Ապահովել յուրաքանչյուր երեխայի կրթության իրավունքը՝ ստեղծելով անվտանգ, մատչելի և աջակցող միջավայր, որտեղ յուրաքանչյուր սովորող կարող է զարգացնել իր հնարավորությունները, ձեռք բերել անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ և առավելագույնս իրագործել իր ներուժը։
Մեր տեսլականը
Լինել վստահելի և զարգացող հաստատություն, որտեղ յուրաքանչյուր երեխա՝ անկախ իր առանձնահատկություններից, ստանում է անհատական մոտեցմամբ որակյալ կրթություն և աջակցություն՝ առավելագույնս ինքնուրույն և հասարակության լիարժեք անդամ լինելու համար։
Մեր գործունեությունը
Մենք ապահովում ենք այն սովորողների կրթությունը, ովքեր ունեն հենաշարժողական, հաղորդակցման, ինտելեկտուալ (մտավոր) և այլ զուգակցված խնդիրներով պայմանավորված կրթության առանձնահատուկ պայմանների և մանկավարժահոգեբանական ծառայությունների 3-րդ և 4-րդ աստիճանի աջակցության կարիք։
Մեր արժեքները
Մեր գործունեության հիմքում ընկած են՝
- յուրաքանչյուր երեխայի նկատմամբ հարգանքը և արժանապատվության պահպանումը
- ներառականությունը և հավասար հնարավորությունների ապահովումը
- անհատական մոտեցումը և երեխայի կարիքների շարունակական գնահատումը
- համագործակցությունը՝ ընտանիքի և մասնագետների հետ
- անվտանգ և աջակցող միջավայրի ստեղծումը
Ինչով ենք առանձնանում
Մեր աշխատանքի հիմքում անհատական մոտեցմամբ կազմակերպվող կրթությունն է, որտեղ յուրաքանչյուր սովորողի համար մշակվում է անհատական ուսուցման պլան և ապահովվում են անհրաժեշտ խելամիտ հարմարեցումներ։ Դպրոցի մանկավարժահոգեբանական թիմը՝ մանկավարժների, հոգեբանների, հատուկ մանկավարժների, լոգոպեդների, էրգոթերապիստների և այլ մասնագետների ներգրավմամբ, հնարավորություն է տալիս ապահովել համակողմանի աջակցություն։ Միաժամանակ դպրոցում ստեղծված է մատչելի և հարմարեցված կրթական միջավայր, որը խթանում է սովորողների ակտիվ մասնակցությունը և նպաստում նրանց սոցիալական ներառմանը։
Մեր մոտեցումը
Մենք վստահ ենք, որ յուրաքանչյուր երեխա ունի զարգացման ներուժ և մեր նպատակն է ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ այդ ներուժը բացահայտվում, ամրապնդվում և վերածվում է իրական հաջողությունների։
