Դպրոցը հիմնադրվել է 1972 թվականին։ Հիմնադիր տնօրենը եղել է Մակիչ Մաթոս Բաղյանը, իսկ առաջին մանկավարժական թիմում ընդգրկված են եղել Գյուլնարա Գասպարյանը, Անահիտ Բոյաջյանը, Անժիկ Թադևոսյանը, Ռոզա Սարգսյանը և այլ նվիրված մասնագետներ։ Սկզբնական շրջանում դպրոցը գործել է Նոր Նորքի 4-րդ զանգվածի 2-րդ հատվածում՝ «Երևանի հենաշարժական ֆունկցիայի խախտումներ ունեցող երեխաների գիշերօթիկ դպրոց» անվամբ։ Այն ունեցել է շուրջ 120–130 սովորող։ Դպրոցում ձևավորված էր նաև բազմապրոֆիլ բուժական թիմ՝ 24 բուժաշխատողներով, որոնց թվում՝ մանկաբույժ, օրթոպեդ, նյարդաբան, ատամնաբույժ, վերականգնողաբան, ինչպես նաև բուժքույրեր և մեթոդիստներ։ Դպրոցը բաղկացած էր երկու հիմնական մասից՝ հանրակրթական և օժանդակ։ Երկու մասերում էլ յուրաքանչյուր դասարան գործում էր մեկական խմբով, որտեղ սովորողների միջին խտությունը կազմում էր համապատասխանաբար 10–17 և 5–11 երեխա՝ պայմանավորված նրանց կրթական կարիքներով և խնամքի առանձնահատկություններով։
1983 թվականի նոյեմբերին դպրոցը տեղափոխվել է նորակառույց, տիպային շենք՝ տեղակայված Նոր Նորքի 2-րդ զանգված, Մոլդովական 41 հասցեում։ Այս փոփոխությանը զուգահեռ փոխվել է նաև հաստատության անվանումը՝ դառնալով «Երևանի հենաշարժական համակարգի խախտումներ ունեցող երեխաների հ. 17 հատուկ դպրոց» ՊՈԱԿ։
Նոր պայմաններում առավել զարգացել են վերականգնողական և աջակցող ծառայությունները։ Դպրոցում աշխատել են 6–7 լոգոպեդներ, իրականացվել են մերսում, բուժական ֆիզկուլտուրա, պարաֆինաբուժություն և ֆիզիոթերապիա (ուլտրաճառագայթում, էլեկտրոֆորեզ)։ Այս համակարգված աշխատանքի շնորհիվ նկատելի առաջընթաց է արձանագրվել սովորողների ֆիզիկական զարգացման մեջ։
Դպրոցի շրջանավարտներից շատերը շարունակել են իրենց կրթությունը տարբեր բարձրագույն և մասնագիտական ուսումնական հաստատություններում՝ բժշկական, մանկավարժական, անասնաբուժական ինստիտուտներում, կոնսերվատորիայում, Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում և այլ հաստատություններում։
ՀՀ-ում համընդհանուր ներառական կրթության ներդրման շրջանակներում 2018–2019 ուսումնական տարվանից սկսած՝ թեթև և միջին աստիճանի խնդիրներ ունեցող սովորողները տեղափոխվել են հանրակրթական դպրոցներ և ներկայումս «Երևանի հենաշարժական համակարգի խախտումներ ունեցող երեխաների հ. 17 հատուկ դպրոց» ՊՈԱԿ-ում կրթություն են ստանում բացառապես այն սովորողները, ովքեր ունեն հենաշարժողական, հաղորդակցման, ինտելեկտուալ (մտավոր) և այլ զուգակցված խնդիրներով պայմանավորված կրթության առանձնահատուկ պայմանների և մանկավարժահոգեբանական ծառայությունների 3-րդ և 4-րդ աստիճանի աջակցության կարիք։
