12.05.2026 | Սպորտը՝ որպես համագործակցության և վստահության միջավայր
2026 թվականի մայիսի 12-ին Երևանի հենաշարժական համակարգի խախտումներ ունեցող երեխաների հ․ 17 հատուկ դպրոցում կայացավ «Հատուկ օլիմպիական խաղեր» խորագրով մարզական միջոցառումը։
Մրցույթին մասնակցեցին դպրոցի 4-րդ և 5-րդ դասարանների սովորողները, ովքեր մեծ ոգևորությամբ ներկայացրին ուսումնական տարվա ընթացքում ձեռք բերած և զարգացրած իրենց մարզական հմտությունները։ Սովորողները ցույց տվեցին, որ հետևողական աշխատանքի, կամքի ուժի և միասնականության շնորհիվ հնարավոր է հասնել հաջողությունների՝ պահպանելով սպորտային արժեքներն ու կարգապահությունը։
Մրցապայքարը ևս մեկ անգամ ընդգծեց, որ սպորտը միայն մրցակցություն կամ հաղթանակի ձգտում չէ։ Այն նաև ազնիվ խաղի, արդար պայքարի, համագործակցության և մրցակցի նկատմամբ հարգանքի կարևոր դրսևորում է։
Միջոցառման շրջանակում դպրոցի տնօրենի կողմից շնորհակալագրով պարգևատրվեց ֆիզկուլտուրայի ուսուցիչ Անի Տէրտէրեանը՝ դպրոցական միջոցառումների կազմակերպման և իրականացման գործում ցուցաբերած բարձր պատասխանատվության, նախաձեռնողականության, ստեղծարար մոտեցման և բարեխիղճ աշխատանքի համար։


