25.08.2026 | Նոր կրթական միջավայր մեր սովորողների համար․ մեկնարկում է հարմարեցված ջերմոցի կառուցման ծրագիրը
Երևանի հենաշարժական համակարգի խախտումներ ունեցող երեխաների հ. 17 հատուկ դպրոց ՊՈԱԿ-ում մեկնարկում է հարմարեցված ջերմոցի կառուցման ծրագիրը՝ «Ռուսական մարդասիրական առաքելություն» ինքնավար ոչ առևտրային կազմակերպության հետ համագործակցության շրջանակում՝ Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» հովանու ներքո, «Ռուսաստանը ձեզ հետ» ծրագրի շրջանակում։
Ծրագրի պաշտոնական մեկնարկը տրվեց 2026 թվականի օգոստոսի 25-ին դպրոցի տնօրեն Անի Գարեգինյանի և «Ռուսական մարդասիրական առաքելություն» ՀԿ-ի գլխավոր տնօրեն Սերգեյ Շևչուկի միջև համագործակցության համաձայնագրի ստորագրմամբ՝ Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ներկայացուցչության ղեկավար Վադիմ Ֆեֆիլովի մասնակցությամբ։
Դպրոցի համար այս նախաձեռնությունը կարևոր է նախևառաջ իր կրթական նշանակությամբ։ Հարմարեցված ջերմոցը նախատեսված է դառնալու այնպիսի գործնական միջավայր, որտեղ սովորողները հնարավորություն կունենան դասարանում ստացած գիտելիքները կիրառել իրական գործունեության մեջ՝ սովորելով բույսերի աճեցման և խնամքի հմտություններ, մասնակցելով տարբեր գործնական աշխատանքների և զարգացնելով ինքնուրույնության ու պատասխանատվության կարողությունները։
Մեր դպրոցում սովորող երեխաների համար հատկապես կարևոր է կրթության գործնական բաղադրիչը։ Ջերմոցում նրանք հնարավորություն կունենան սովորել բույսերի խնամքի և աճեցման ամբողջ գործընթացը՝ սերմի ցանելուց մինչև բերքահավաք։ Մինչ այժմ այդ աշխատանքների մի մասը հնարավոր էր իրականացնել միայն դասարանում՝ սահմանափակ պայմաններում, իսկ ջերմոցի ստեղծումը հնարավորություն կտա ուսումնական գործընթացը տեղափոխել առավել ընդարձակ և իրական գործնական միջավայր։
100 քմ մակերեսով ջերմոցը նախատեսվում է ամբողջությամբ հարմարեցնել սովորողների կարիքներին՝ պահպանելով մատչելիության, հասանելիության և անվտանգության բոլոր անհրաժեշտ չափանիշները։ Ջեռուցման և լուսավորության համակարգերի շնորհիվ այն հնարավոր կլինի օգտագործել ամբողջ տարվա ընթացքում։
Այսպիսով, ջերմոցը մեր դպրոցի համար դառնալու է ոչ միայն բույսերի աճեցման աշխատանքների իրականացման տարածք, այլև կրթության, աշխատանքային թերապիայի, գործնական հմտությունների զարգացման և մասնագիտական կողմնորոշման նախնական հնարավորությունների ձևավորման միջավայր։
Շնորհակալություն ենք հայտնում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը՝ նախաձեռնությանը հավանություն տալու, ինչպես նաև մեր գործընկերներին՝ այս կարևոր ծրագրի շրջանակում սովորողների համար նոր հնարավորություններ ստեղծելու պատրաստակամության համար։
Առջևում աշխատանքային փուլն է, իսկ նպատակը մեկն է՝ ստեղծել ևս մեկ միջավայր, որտեղ յուրաքանչյուր սովորող կկարողանա սովորել իր հնարավորություններին համապատասխան և իր կարողությունները բացահայտել գործնական գործունեության միջոցով։
