09․11․2026 | Փորձի փոխանակում՝ համատեղ դասավանդման և ստեղծագործական աշխատանքի միջոցով
Երևանում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի հետ համագործակցության շրջանակում մեր դպրոցում շարունակվում են մասնագիտական փորձի փոխանակման և համատեղ մանկավարժական աշխատանքի նախաձեռնությունները։
Ծրագրի շրջանակում դպրոց այցելած մասնագետները, համագործակցելով մեր մանկավարժների հետ, համատեղ դասավանդման մեթոդով տարբեր դասարաններում և դասաժամերին իրականացնում են աշխատանքներ՝ կիրառելով ստեղծագործական, զգայական և գործնական գործունեության տարբեր ձևեր։
Մասնավորապես, սովորողների հետ իրականացվել են ստեղծագործական աշխատանքներ դասերի թեմաների շրջանակում՝ գունավոր բրդի, կինետիկ ավազի, մատնաներկերի և այլ նյութերի կիրառմամբ։ Այս աշխատանքների միջոցով երեխաները հնարավորություն են ունեցել ծանոթանալու նոր նյութերի և կիրառելու նաև արդեն ծանոթները՝ շոշափելով, խառնելով, ձևավորելով, փորձարկելով և ստեղծագործելով։
Կազմակերպված աշխատանքների ընթացքում կարևորվել է սովորողների զգայական փորձառության հարստացումը, մանր մոտորիկայի, շարժումների համակարգման, ուշադրության և ինքնարտահայտման հնարավորությունների խթանումը։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել յուրաքանչյուր երեխայի անհատական առանձնահատկություններին՝ ապահովելով գործունեությանը մասնակցելու և սեփական հնարավորությունների սահմաններում արդյունք ստանալու հնարավորություն։
Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների դեպքում նման ստեղծագործական և զգայական գործունեությունը կարևոր է հատկապես այն պատճառով, որ այն հնարավորություն է տալիս ուսուցումն ու զարգացումը կազմակերպել երեխայի համար հասանելի՝ շոշափելի, տեսանելի և գործնական փորձառության միջոցով։ Միաժամանակ համատեղ դասավանդման ընթացքում մասնագետների և դպրոցի մանկավարժների փորձի փոխանակումը հնարավորություն է տալիս գործնական միջավայրում դիտարկել, փորձարկել և համադրել տարբեր մեթոդներ՝ ընտրելով յուրաքանչյուր սովորողի կարիքներին և հնարավորություններին առավել համապատասխան մոտեցումները։
Այս նախաձեռնությունների կարևորությունն այն է, որ դրանք միաժամանակ ծառայում են երկու նպատակի՝ սովորողների համար ստեղծում են նոր փորձառություններ և զարգացման հնարավորություններ, իսկ մանկավարժների համար դառնում են մասնագիտական փորձի փոխանակման, նոր մեթոդների ուսումնասիրման և համատեղ աշխատանքի արդյունավետ մոտեցումների յուրացման հարթակ։
Մեզ համար կարևոր է, որ նման համագործակցությունները շարունակական բնույթ կրեն՝ հարստացնելով մանկավարժական աշխատանքը և ընդլայնելով սովորողների ակտիվ մասնակցության, ինքնարտահայտման ու անհատական առաջընթացի հնարավորությունները։
