02.11.2026 | «Էրեբունի-Երևան» խորագրով ճանաչողական-հայրենասիրական միջոցառում
2026 թվականի նոյեմբերի 2-ին «Երևանի հենաշարժական համակարգի խախտումներ ունեցող երեխաների թիվ 17 հատուկ դպրոց» ՊՈԱԿ-ում իրականացվել է «Էրեբունի–Երևան» խորագրով ճանաչողական-հայրենասիրական միջոցառում՝ նվիրված Երևանի հիմնադրմանը, պատմական անցյալին և մշակութային ժառանգությանը։
Միջոցառման նպատակն էր սովորողների համար հասանելի և հետաքրքիր ձևաչափով ընդլայնել Երևանի մասին գիտելիքները, ծանոթացնել Էրեբունի ամրոցի հիմնադրման պատմությանը, մայրաքաղաքի անցած ճանապարհին, մշակութային արժեքներին և տեսարժան վայրերին։ Միաժամանակ կարևորվել է հայրենիքի և մայրաքաղաքի նկատմամբ դրական վերաբերմունքի, ազգային ու մշակութային արժեքների ճանաչման և արժևորման ձևավորումը։
Միջոցառման ընթացքում սովորողները երգի, բեմականացման և ստեղծագործական տարբեր աշխատանքների միջոցով ներկայացրել են Երևանն ու նրա պատմությունը։ Գործունեության տարբեր ձևերի համադրումը հնարավորություն է տվել յուրաքանչյուր սովորողի՝ իր կարողություններին համապատասխան, մասնակցելու ընդհանուր աշխատանքին, արտահայտվելու և ներկայացնելու սովորածը։
Նման միջոցառումները կարևոր են ոչ միայն սովորողների գիտելիքների ամրապնդման, այլև նրանց հաղորդակցման, ստեղծագործական գործունեության, ինքնարտահայտման և սոցիալական մասնակցության հնարավորությունների ընդլայնման տեսանկյունից։ Պատմության և մշակույթի ճանաչումը գործնական ու ստեղծագործական գործունեության հետ համադրելով՝ ուսուցումը դառնում է առավել ընկալելի և անմիջական փորձառության վրա հիմնված։
«Էրեբունի–Երևան» միջոցառումը ևս մեկ հնարավորություն էր միասին անդրադառնալու մեր մայրաքաղաքի պատմությանը, ճանաչելու և արժևորելու նրա մշակութային ժառանգությունը և երեխաների համար Երևանը ներկայացնելու ոչ միայն որպես իրենց ապրած քաղաք, այլև որպես պատմություն, մշակույթ և ազգային հիշողություն կրող միջավայր։
