19.04.2026 | «Ես իմ երկրի քաղաքացին եմ և ճանաչում եմ մեր երկրի խորհրդանիշերը» թեմայով բաց դաս
Հայաստանի Հանրապետության քաղաքացու օրը, որը նշվում է ապրիլի վերջին շաբաթ օրը, ևս մեկ առիթ է կարևորելու քաղաքացիական արժեքներն ու պատասխանատվությունը։ Այդ համատեքստում 2026 թվականի ապրիլի 10_ին Երևանի հենաշարժական համակարգի խախտումներ ունեցող երեխաների հ․ 17 հատուկ դպրոցի 4-րդ դասարանում կազմակերպվեց բաց դաս՝ «Ես իմ երկրի քաղաքացին եմ և ճանաչում եմ մեր երկրի խորհրդանիշերը» թեմայով։
Դասի նպատակն էր ամրապնդել սովորողների քաղաքացիական գիտակցությունը, ինչպես նաև նրանց գիտելիքները ՀՀ պետական խորհրդանիշերի և մայրաքաղաքի տեսարժան վայրերի վերաբերյալ։ Դասի ընթացքում սովորողները նկարների միջոցով ճանաչեցին պետական խորհրդանիշերը և Երևանի տեսարժան վայրերը, մասնակցեցին թեմատիկ խաղերի և արտահայտեցին իրենց վերաբերմունքը հայրենիքի և քաղաքացու վարքագծի վերաբերյալ։
Դասի համատեքստում կազմակերպվել է նաև շրջայց Երևան քաղաքով, որի ընթացքում սովորողները հնարավորություն են ունեցել իրական միջավայրում տեսնել և ճանաչել մայրաքաղաքի տեսարժան վայրերը՝ ամրապնդելով դասի ընթացքում ստացած գիտելիքները։
Աշխատանքների ողջ ընթացքում ընդգծվեց, որ յուրաքանչյուր մարդ իր առօրյա փոքր քայլերով կարող է լինել օրինապահ, նվիրված և հոգատար քաղաքացի՝ սիրելով և պահպանելով հայրենիքը, հարգելով պետական արժեքներն ու հոգատար վերաբերմունք ցուցաբերելով շրջապատի նկատմամբ։


