19.05.2026 | Ամփոփիչ բաց դաս առաջին դասարաններում
2026 թվականի մայիսի 19-ին Երևանի հենաշարժական համակարգի խախտումներ ունեցող երեխաների հ․ 17 հատուկ դպրոցի 1-ին «Ա» և «Բ» դասարաններում անցկացվեց համատեղ բաց դաս, որի նպատակն էր ներկայացնել սովորողների ուսումնական տարվա ընթացքում ձեռք բերած գիտելիքները, հմտություններն ու կարողությունները, ինչպես նաև իրականացված աշխատանքների արդյունքները։
Բաց դասը կազմակերպվել էր դպրոցի բակում՝ բացօթյա միջավայրում, ինչը սովորողների համար ստեղծել էր առավել ազատ, հետաքրքիր և ակտիվ մասնակցությանը նպաստող պայմաններ։
Բաց դասի ընթացքում ներկայացված առաջադրանքներն ու գործունեության ձևերը արտացոլում էին սովորողների՝ ուսումնական տարվա ընթացքում արձանագրած առաջընթացը՝ ուշադրության, հիշողության, տրամաբանական մտածողության, խոսքի, մանր մոտորիկայի և առարկաները տարբերակելու կարողությունների զարգացման ուղղությամբ։ Սովորողները ցուցադրեցին նաև տարբեր առարկաներ և պատկերներ ճանաչելու, անվանելու, համեմատելու, ինչպես նաև համագործակցային և ինքնուրույն աշխատանքի ընթացքում ձևավորված հմտությունները։


