06.10.2026 | Մասնագիտական էթիկա և վարքականոն․ կայացել են դասընթացներ մանկավարժական աշխատողների համար
Երևանի հենաշարժական համակարգի խախտումներ ունեցող երեխաների հ. 17 հատուկ դպրոցում 2026 թվականի սեպտեմբեր ամսին իրականացվել են մանկավարժական աշխատողների համար նախատեսված դասընթացներ՝ «Ուսուցիչը՝ որպես մշակույթի և բարեկրթության օրինակ․ մասնագիտական էթիկա և վարքականոն» թեմայով։
Դասընթացները վարել է դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Անի Գարեգինյանը։
Դասընթացներին մասնակցել է շուրջ 50 աշխատակից, այդ թվում՝ մանկավարժ-դաստիարակներ, ուսուցիչներ, մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություն տրամադրող մասնագետներ և վարչական աշխատողներ։
Դասընթացների նպատակն էր ամրապնդել մասնագիտական էթիկայի և վարքականոնի սկզբունքների վերաբերյալ գիտելիքները, ձևավորել դրանց կիրառման միասնական մոտեցումներ և կարևորել մասնագիտական բարեվարքությունը՝ որպես կրթական միջավայրի որակի և առողջ մասնագիտական հարաբերությունների կարևոր նախապայման։
Քննարկումների ընթացքում անդրադարձ է կատարվել մանկավարժի մասնագիտական պատասխանատվությանը, սովորողների արժանապատվության և անհատական առանձնահատկությունների հարգմանը, գործընկերների և ծնողների հետ արդյունավետ հաղորդակցությանը, գաղտնիության պահպանմանը, ինչպես նաև բարդ իրավիճակներում ինքնատիրապետման և հարգալից վարքագծի դրսևորմանը։
Գործնական առաջադրանքների և իրավիճակային քննարկումների միջոցով մասնակիցները վերլուծել են մասնագիտական գործունեության ընթացքում առաջացող տարբեր իրավիճակներ, տարբերակել փաստերն ու ենթադրությունները և քննարկել անհամաձայնություններն ու խնդիրները մասնագիտական ու կառուցողական եղանակով լուծելու մեխանիզմները։
Դասընթացների կարևոր արդյունքներից էր մասնագիտական էթիկայի սկզբունքների կիրառման վերաբերյալ միասնական պատկերացումների ամրապնդումը և այն գիտակցության կարևորումը, որ մանկավարժի մասնագիտական հեղինակությունը ձևավորվում է ոչ միայն նրա գիտելիքներով ու աշխատանքի արդյունքներով, այլև ամենօրյա վարքագծով, հաղորդակցման մշակույթով և անձնական օրինակով։
