19.12.2025 | «Փնթփնթան թագավորի գաղտնիքը»․ «Ամանորյա միջոցառումներ» շարքի ամփոփում
2025թ․ դեկտեմբերի 19-ին Երևանի հենաշարժական համակարգի խախտումներ ունեցող երեխաների հ. 17 հատուկ դպրոցում ամփոփվեց ամանորյա միջոցառումների շարքը՝ եզրափակվելով «Փնթփնթան թագավորի գաղտնիքը» խորագիրը կրող բեմադրությամբ։
Ամանորյա միջոցառումների ընթացքում յուրաքանչյուր օր ուներ իր առանձնահատուկ թեման, բովանդակությունն ու ուղերձը։ Դրանք մեր դպրոցական կյանքի համար պարզապես տոնական օրեր չէին, այլ համատեղ ստեղծագործության, ջանքերի, համբերության և հոգատարության գեղեցիկ ճանապարհ։ Յուրաքանչյուր փոքրիկ բեմադրություն, գաղափար և ներկայացում բացահայտեց մեր սովորողների կարողությունները և ինքնարտահայտման ներուժը։
Ամփոփիչ բեմադրության առանձնահատկությունն այն էր, որ դերերում հանդես եկան ոչ միայն սովորողները, այլև մանկավարժները՝ ընդգծելով դպրոցական համայնքի միասնականությունը, փոխվստահությունն ու համագործակցությունը։
Միջոցառման ավարտին հանդիսատեսի առջև իրենց կատարումներով հանդես եկան նաև Հայկանուշ Դանիելյանի անվան արվեստի դպրոցի կիթառի և ժողովրդական նվագարանների բաժնի սաները՝ իրենց երաժշտական կատարումներով գեղեցիկ եզրափակելով տոնական օրը և հաղորդելով առանձնահատուկ ջերմություն։
Ամանորյա միջոցառումների այս շարքը ևս մեկ անգամ հաստատեց, որ մեր դպրոցը ոչ միայն կրթական, այլև ստեղծագործ, հոգատար և համախմբված համայնք է, որտեղ յուրաքանչյուր երեխայի կարողությունները տեսանելի են դառնում, գնահատվում և խրախուսվում։


